Պատմական քարանձավային գյուղը գտնվում է կտրուկ լանջի վրա և ներառում է ինչպես բնական, այնպես էլ մարդկային ձեռքով փորված քարանձավներ։ Ըստ որոշ գնահատականների, ժամանակին գյուղը ունեցել է մինչև 15,000 բնակիչ։ Քանի որ բազմաթիվ բնակարաններ փորված էին իրար գլխի կամ կողք կողքի, մարդկանց անհրաժեշտ էր օգտագործել մալուխներ և պարաններ, որպեսզի հասնեին գյուղի տարբեր հատվածներ։ Գյուղում գործում էին երկու եկեղեցի և երեք դպրոց։ Քարանձավները բնակեցված էին մինչև 1950-ականները, երբ ԽՍՀՄ պաշտոնյաները դրանք գնահատեցին որպես անբարեկարգ և անապահով, և մնացած բնակիչները ստիպված լքեցին իրենց տները։
Այսօր Հին Խնձորեսկը հիմնականում այցելում են տեղացի հովիվները, ովքեր իրենց անասուններին պահում են քարանձավների մեջ․ դրանց մի մասը վերափոխվել է անասնագոմերի կամ պահեստների։ Այցելուներին թույլատրվում է ուսումնասիրել քարանձավները, սակայն ձորը հատելը լիովին անվտանգ չէ։ Այնուամենայնիվ, ճանապարհը մի փոքր հեշտացվել է 2012 թվականին տեղական միջոցներով և աշխատանքով կառուցված 160 մետր երկարությամբ կախովի կամրջի շնորհիվ, որը քայլելիս շարժվում է։
Նախքան այցելելը պետք է իմանաք․
Գորիսից շարժվեք դեպի արևելք՝ Ստեփանակերտի ճանապարհով մոտ 6 կիլոմետր։ Դուք կանցնեք մետաղական դարպասի տակով, որի վրա գրված է «Բարի գալուստ Խնձորեսկ»՝ հայերեն և անգլերեն։ Գյուղի մյուս վերջում աջ շրջվեք դեպի ավազե ճանապարհը, որը տանում է Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ։ Ավտոմեքենան կարող եք կանգնեցնել ձորի վերին մասում՝ խանութի մոտ։ Այնուհետև երկար աստիճաններով պետք է իջնել դեպի ճոճվող կամուրջը։









