• Language switcher

Սուրբ Հռիփսիմե

Միանավ բազիլիկ շինություն՝ արևմուտքից հարավ պատին երկու մուտքերով

History and Geography

Պատմություն և աշխարհագրություն

Հայտնի է, որ XVI–XVII դարերում Սյունիքում և Արցախում մելիքական տները առանձնանում էին իրենց ազդեցությամբ։ Թուրք-պարսկական տիրապետության ընթացքում ձեռք բերված որոշ իրավունքների շնորհիվ մելիքական այդ տները վճռորոշ դեր էին խաղում տարածաշրջանի կառավարման գործում։ Սյունիքի մելիքությունները երկրի այն ուժեղ կառույցներից էին, որոնց շնորհիվ ազգային-ազատագրական շարժումները մտան զարգացման նոր՝ որակապես բարձր փուլ։ Զինվորական և քաղաքական գործունեությունից բացի՝ մելիքներն իրականացրել են նաև շինարարական աշխատանքներ։ Նրանց շարքում առանձնանում է Հին Գորիսում հաստատված Մելիք Օհան Բաբուրի տոհմից սերած Մելիք Օհանը, որը XVIII դարի երկրորդ կեսի նշանավոր գործիչներից էր։

Հին Գորիսի Ս. Հռիփսիմե եկեղեցին (պետական ցուցիչ՝ 8.3.2.65)՝ ելնելով ժամանակաշրջանի առանձնահատկություններից և մոտավոր հաշվարկներից, թվագրվում է XVII դարով։ Սակայն վերջերս եկեղեցու հարավային մուտքի վրա բացահայտվել է մինչ այդ անհայտ մի արձանագրություն, որը վերծանվել և պահպանվել է։ Չորս տողից բաղկացած գրությունը հետևյալ բովանդակությունն ունի՝
«ՅԻՇԱՏ(Ա)Կ Է ԵԿԵՂԵՑԻՍ ՊԱՂԸՐԻ ՈՐԴԻ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻՆ ԹՎ(Ի)Ն ՌՄԻԵ»։

Այս արձանագրությունը ոչ միայն տեղեկացնում է, թե ում հիշատակի համար է կառուցվել եկեղեցին, այլ նաև նշում է շինության տարեթիվը՝ 1776 թ․։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց Մելիք Օհանը։

Կառուցվածք

Եկեղեցին միանավ բազիլիկ տիպի շինություն է՝ երկու մուտքով, որոնք գտնվում են հարավ-արևմտյան պատին։ Արևելյան և արևմտյան պատերին բացված են չորս, իսկ հարավային պատին՝ երկու լուսամուտ։ Շինության հյուսիսային կողմին կից են երկու սենյակներից բաղկացած հավելվածներ, որոնցից մեկը գտնվում է եկեղեցու ներսում և ծառայել է որպես պահոց։

Երկրորդ սենյակի մուտքը, որը կից է պահոցին, բացվում է դրսից՝ արևմտյան կողմից։ Սենյակի ներսում առկա բուխարին վկայում է, որ այն հավանաբար ծառայել է որպես հոգևորականների ապաստան։

Եկեղեցու պատերը կառուցված են կոպիտ մշակված բազալտից, իսկ մուտքերի և լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները, ինչպես նաև եկեղեցու միակ ներքին պատը՝ գեղեցիկ մշակված բազալտից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *