• Language switcher

Հին Շինուհայրի մասին

Հին Շինուհայր

Անվան ստուգաբանություն՝   ՇԵՆԵՐԻ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՅՐ

Շինուհայրը գյուղ է Սյունիքի մարզում, հանդիսանում է Տաթև համայնքի կենտրոնը, մարզկենտրոնից 72 կմ հյուսիս։

Պատմություն և աշխարհագրություն

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը (Շնոհերք, Շնհեր, Շնհերու) հիմնադրվել է Քրիստոսի Ծննդից առաջ՝ բրոնզի դարում, Որոտանի կիրճում, գետի աջ ափին, հետո տեղափոխվել է գետի ձախ ափ: Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հիշատակումները կատարվել են 10-րդ դարում: 18-րդ դարի սկզբին գյուղի կենտրոնական եկեղեցում շինուհայրցի Դավիթ-Բեկը գումարել է ժողով, շրջակա գյուղերից հավաքել աշխարհազոր և սկսել ազատագրական պայքար պարսիկների դեմ: Գյուղն ունեցել է եկեղեցուն կից ծխական դպրոց: 19-րդ դարի սկզբին գյուղի քահանան՝ տեր-Ստեփանը, Բաքվում բնակվող շինուհայրցիների հանգանակությամբ գյուղում հիմնել է 4-ամյա դպրոց, որը ղեկավարվել է Շուշիից: Որոտանի կիրճում ծվարած, ճանապարհների և այլ խնդիրներ ունեցող գյուղը 1964 թվականին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է վերևի հարթավայր, ուր ավելի բարենպաստ պայմաններ կային զարգացման համար:

Շինուհայրը հիմա

Ժամանակին Շինուհայրը Սյունիքի ամենամեծ գյուղն էր, ուներ մոտ 1000 տնտեսություն: Այսօր գյուղում ապրում է մոտ 3000 մարդ՝ արտագաղթը իր տխուր հետքը թողել է նաև այս գյուղի վրա: Այստեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ և ամեն անգամ սերմը հողը գցելիս հույս փայփայում, որ տարին բարենպաստ կլինի:

Տեսարժան վայրեր

Հին Շինուհայրում է գտնվում Կուսանաց անապատ կոչվող վանական համալիրը, որը խորհրդային տարիներին ծառայել է նույնիսկ որպես հիվանդանոց:                       

Հին ու Նոր Շինուհայրերը կապող ճանապարհին, ժայռերի վրա խորհրդային ագիտպրոպագանդայի հետքերն են:

Հին Շինուհայրի գրեթե բոլոր տներն ավերակ են, իսկ բակերում թթենիներ են, որոնց պտուղը մեղրից էլ քաղցր է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *