Հալիձոր
Հալիձորը Սյունիքի մարզի Տաթև համայնքի ամենահին բնակավայրերից է՝ բազմադարյա պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1300–1350 մ բարձրության վրա՝ Որոտան գետի ձախ ափին։ Այն շրջապատված է անդնդախոր ձորերով, անտառապատ և ժայռապատ լեռնալանջերով, որոնց ստորոտով հոսում է արագահոս Որոտանը։
Այսօր Հալիձորը առավել հայտնի է որպես աշխարհում ամենաերկար ճոպանուղու՝ Տաթևեր-ի մեկնարկային կետ, որն այն դարձրել է Հայաստանի զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։ Գյուղը Գորիսից գտնվում է ընդամենը 12 կմ հարավ-արևմուտք, իսկ տարածքով անցնում է հանրապետական նշանակության Հ-46 ճանապարհը։
Պատմական աղբյուրներում Հալիձորը հիշատակվում է 10-րդ դարից։ Սյունյաց Բարդեն իշխանի դուստր Համազասպուհին գյուղը նվիրել է Տաթևի վանքին, և այն վանքին է պատկանել մինչև 19-րդ դարը։
2. Հին Հալիձոր հնավայր
Հին Հալիձորը տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակատեղիի մնացորդներ, որոնց հնագիտական նյութերը թվագրվում են մինչև շումերական ժամանակաշրջանները՝ մոտ 6000 տարվա պատմությամբ։ Հնավայրը վկայում է, որ տարածքում մարդկային ներկայությունը շատ ավելի վաղ է, քան գրավոր պատմական հիշատակությունները։
Անվան ծագումնաբանություն
Հալիձոր անունը կապվում է Հաբանդ գավառի Հալե և Հալիս կոչվող հնագույն բնակավայրերի անվանումների հետ։ Անունը հիշատակվում է նաև 7-րդ դարի Աշխարհացոյցում, ինչը ևս հաստատում է վայրի հնությունը և պատմական կարևորությունը։
Մյուս վարկածը կապված է տարածքում հանդիպող հալված քարերի հետ։ Երկրաբանների ուսումնասիրություններով այստեղ ինչ–որ ժամանակ մետեորիտ է ընկել, ինչի հետևանքով առաջացել են հալված քարեր։ Բացի այդ՝ հալեցմամբ զբաղվող արհեստները տարածքում զարգացած են եղել երկար ժամանակ։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ «Հալիձոր» անվանումը կարող է ծագած լինել նաև «հալվել», «հալչել» բառարմատներից։









