2019 թ-ի հուլիս ամսին Հայաստանի քարանձավագիտական թիմ AST-ի և Անգլիական քարանձավախուզական ակումբ BRCC-ի համատեղ ուժերով բացահայտվել է նոր քարանձավ, որն այս պահին հանդիսանում է ՀՀ մեծությամբ երրորդ քարանձավը: Ընդհանուր երկարությունը՝ 578մ է։ Հատկապես վերջին հատվածը դժվարանցանելի է և մեծ ջանքեր է պահանջվում բարձրանալու համար:
Դղդղնածակ այցելած անձինք պատմում են, որ այնտեղ՝ քարանձավի խոռոչներում տեսել են մատյաններ, գորգերի և կարպետների կույտեր, որոնք փլվում-մոխրանում էին, երբ ձեռք էին տալիս: Գյուղի տարեցներն էլ պատմում էին, թե քարանձավը Տաթևի վանքի ամենամեծ և ապահով ստորգետնյա գաղտնարանն է եղել կամ պատսպարանը: Բայց տարիների ընթացքում քարանձավի ներսում փլվածքներ են գոյացել, ու հիմա հատուկ և մասնագիտացված արշավախումբ է պետք, որպեսզի ստորգետնյա այդ տարածքում կողմնորոշվեն, գնան մինչև վերջ, ճշտեն քարանձավի ներսի ճանապարհների ճյուղավորումները, անդունդները և խոռոչները: Ասում են՝ Դղդղնածակը երկու մուտք ունի՝ հյուսիս-արևելյան մուտք, որ գլխավոր մուտք է համարվում: Երկրորդ մուտքը գտնելու համար անհրաժեշտ է, ներս մտնելուց հետո, ճամփա ընկնել աջ խոռոչով։
Ուսումնասիրության առաջին արդյունքները հրապարակվել են անգլիական թերթերում: Արշավախումբը կարողացել էր խորանալ մինչև 578 մետր՝ Տաթևի ուղղությամբ: Սակայն, ըստ մասնագետների, քարանձավն անկանխատեսելի է և ամենայն հավանականությամբ, այն շարունակություն ունի: Բրիտանացի քարանձավագետների պնդմամբ՝ Դղդղնածակը (արդեն հայտնի չափսերով) Հայաստանի տարածքում գտնվող երրորդ քարանձավն է՝ մեծությամբ: Առաջինն Արջերի քարանձավն է, երկրորդը Մագելանի քարանձավն է:
Դղդղնածակի ծագումը
Այդ առումով երկու կարծիք կա՝ ձեռակերտ և անձեռակերտ:
Ձեռակերտ քարանձավ լինելու մասին. նման ենթադրության տեղիք են տալիս՝ նախ՝ մուտքից դեպի ձախ ձգվող պատի հետքերը, ապա քարանձավի ներսի ճյուղավորումները, որ իսկական լաբիրինթոս են հիշեցնում, այնուհետև քարանձավի ներսի պատերի վրա (20-30 մ բարձրությամբ) փորված փոքր քարանձավները:









